Երեւանում մանկապարտեզները մինչեւ փետրվարի 1-ը փակ են, իսկ Տավուշի մարզի
նախադպրոցական հաստատությունների մի մասը հունվարի 11-ից գործում է:
Նոյեմբերյան քաղաքի երկու մանկապարտեզներն Ամանորի տոներից հետո վերսկսել
են աշխատանքը: Ճիշտ է՝ քաղաքի թիվ 2 մանկապարտեզում 106 սանից հունվարի
26-ին մանկապարտեզ էր հաճախել 83 երեխա, սակայն, դաստիարակների խոսքերով,
դա կապ չունի գրիպի հետ, պարզապես ծնողները չեն ցանկացել հունվար ամսում
երեխայի 20 օր հաճախելու համար մեկ ամսվա վարձ տալ:
Նոյեմբերյան քաղաքի «Լուսածիր» հ/կ նախագահ Աիդա Զուրաբյանը հայտնեց, որ
այս կազմակերպության մանկական կենտրոնը փետրվարի 1-ից կվերսկսի աշխատանքը:
Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանից տեղեկացանք, որ քաղաքի 2
մանկապատեզներն էլ հունվարի 11-ից գործում են: Տավուշի մարզի Աչաջուրի
գյուղապետ Համո Գեւորգյանը հայտնեց, որ գյուղի մանկապարտեզը գազիֆիկացված
է եւ Ամանորի տոներից հետո վերսկսել է աշխատանքը: Իջեւանի Գանձաքար
համայնքի ղեկավար Շահեն Շահինյանի խոսքերով՝ հունվարի 11-ից գյուղի
մանկապարտեզը վերսկսել է աշխատանքը: Այս մանկապարտեզը ջեռուցվում է
վառելափայտով: Սարիգյուղի մանկապարտեզն էլ, ուր 35 երեխա է հաճախում,
փետրվարի 1-ից կվերսկսի աշխատանքը:
Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանի խոսքերով,
երբ հեռուստատեսությամբ հաղորդել են Երեւանում մանկապարտեզները մինչեւ
փետրվարի 1-ը փակ լինելու մասին, Տավուշի մարզի շատ համայնքներ հետեւել են
այդ օրինակին: Դա արվել է թե ֆինանսական, թե առողջապահական
նկատառումներով: Օրինակ, Դիլիջան քաղաքի 6 մանկապարտեզից ներկայումս
գործում է միայն մեկը, որպեսզի աշխատող ծնողները կարողանան իրենց երեխայի
խնամքի հարցը լուծել: Մարզպետարանի կրթության վարչության պետը չկարողացավ
ասել, թե մարզի 46 մանկապարտեզներից ներկայումս քանիսն է գործում: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ Նյութը ըստ Առավոտի 2010-01-28թ-ի համարի:
|