Համաձայն հին բիրմայական լեգենդի՝ մի անգամ Ցուլը մենամարտում հաղթեց
Վագրին եւ ծիծաղեց նրա վրա։ Այդ ժամանակից ի վեր Վագրը տանել չի
կարողանում Ցուլին (եւ կովերին)։ Դրա համար էլ 2009 թվականը ճանապարհելիս
չի կարելի գովել անցնող տարին։ Փոխարենը Նոր տարին անհրաժեշտ է դիմավորել
հարգանքով եւ հույսով. դա վագրին դուր կգա։ Վագրը միշտ առաջ է գնում,
արհամարհում է պայմանականությունները, հիերարխիան եւ
պահպանողականությունը։ Վագրը անսովոր գործողությունների, անսպասելի
իրավիճակների եւ բացառիկ ճակատագրի նշանն է։ Դեղին (մետաղագույն) Վագրի
տարին պայքարի տարի է, նվաճումների եւ փորձությունների ժամանակաշրջան։
Ինչ հագնել Նոր տարվա գիշերը
Արեւելյան ավանդույթների եւ հավատալիքների համաձայն՝ Վագրի տարում
ամանորյա գիշերը պետք է հագնել վառ գույնի հագուստներ։ Չինական հորոսկոպը
մեզ ուղղակիորեն հուշում է «մետաղական» 2010 թվականի գույները՝ սպիտակ,
արծաթագույն եւ ոսկեգույն։ Կարելի է հագնել փայլուն կտորներից պատրաստված
ցանկացած հագուստ՝ մոխրագույն, կաթնային կամ դեղին երանգներով։ Վագրին
դուր կգան ոսկյա եւ արծաթյա զարդերը։ Աքսեսուարները եւ զարդերը խորհուրդ է
տրվում ընտրել բնական նյութերից եւ քարերից։ Լավ կլինի, եթե կրեք օղեր,
թեւնոցներ կամ ականջօղեր՝ ոսկուց, արծաթից, պղնձից եւ պլատինից (սակայն ոչ
ավելի, քան երկու տարբեր մետաղներից): Հագուստի համար ցանկալի է ընտրել
բնական նյութերից՝ կաշվից, մորթուց կամ բամբակից պատրաստված զարդարանքներ:
Նոր տարվա սեղանի շուրջ
2010 թվականը դիմավորելիս` սեղանին պետք է դնել դեղին, ալ կարմիր
մոմեր։ Անհրաժեշտ է մատուցել մսի բոլոր տեսակները: Բուսակերներին կարելի է
գոհացնել լոբուց կամ ոլոռից պատրաստված ուտեստներով։ Հաշվի առնելով վագրի
բնավորությունն ու ներկայիս վագրի «մետաղական» բնույթը՝ վատ չի լինի, եթե
միսը խորովեք շամփուրի վրա կամ գրիլ անեք։ Գառնիրի մեջ կարելի է
օգտագործել կարտոֆիլ, բազուկ կամ գազար։ Ինչ վերաբերում է խմիչքներին, ապա
դրանք ցանկալի է լինեն դեղին, մուգ դեղին կամ կարմիր գույնի։ Նախընտրելի
են նարնջի կամ մանդարինի հյութերը։ Ալկոհոլը ոչ մի դեպքում չի կարելի
չարաշահել՝ Վագրի ոխերիմ թշնամուն՝ Կապիկին չնմանվելու համար։
Տոնախմբության ժամանակ երաժշտական կենտրոնը ավելի լավ է անջատել եւ
փոխարենը կենդանի երգել։ Սեղանը ցանկալի է դնել սենյակի կենտրոնում, իսկ
սեղանի կենտրոնում պետք է դնել մետաղյա վազ՝ դեղին մրգերով։
Ինչպես զարդարել տունը
Սենյակում եւ սեղանի վրա պետք է լինեն մետաղյա իրեր, զարդեր, արծաթյա
բաժակներ՝ մետաղյա բռնիչներով։ Դա խորհրդանշում է Վագրի գերազանցությունը
Ցուլի նկատմամբ։ Տոնածառը ավելի լավ է զարդարել սեփական ձեռքերով
պատրաստված խաղալիքներով եւ երազանքներ պահել զարդարելիս։ Նոր տարին
խորհրդանշում է կյանքի նոր շրջանի սկիզբ, եւ այդ նոր շրջանն ավելի հաջող
կլինի, եթե այն սկսեք նոր հագուստով։
|