«Առավոտի» հունվարի 13-ի համարում տեղեկացրել ենք, որ Գյումրիում աճել է
ծնունդների թիվը: 2008-ին ծնվել էր 1280 երեխա, 2009-ին՝ 1534: Ծնունդների
աճ է արձանագրվել նաեւ Տավուշի մարզում: Ըստ Տավուշի մարզպետարանի
աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ
Կարինե Դովլաթբեկյանի, 2009 թվականին ծնվել է 1707 երեխա՝ 347-ով ավելի,
քան 2008-ին:
«Այսօր վստահորեն կարող եմ ասել, որ մարզում լիարժեք կայացած է
ծննդօգնության հավաստագրերի ներդրման գործընթացը, որի արդյունքում 2009-ի
ընթացքում չի արձանագրվել դրամաշորթության որեւէ դեպք: Մարզի համար
ստացված ծննդօգնության բոլոր 2060 հավաստագրերը բաշխվել են
բուժհաստատություններին»,- հայտարարել է Կարինե Դովլաթբեկյանը: Ինչպես եւ
Շիրակի մարզկենտրոն Գյումրիում, Տավուշի մարզկենտրոն Իջեւանում էլ
Առողջության առաջնային պահպանման կենտրոնում վերանորոգվել եւ կահավորվել է
«Մայրության դպրոցը», որտեղ մայրության դասեր եւ խորհրդատվություն են
ստանում ապագա մայրիկները:
Նյութը ըստ Առավոտի 15/01/2010թ-ի համարի Տ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
|