Անցած
շաբաթվա վերջին Նոյեմբերյան էր այցելել Հայաստանում Հունաստանի դեսպան
Իոաննիս Կորինֆիոսը: Քաղաքի հունական «Օլիմպոս» կենտրոնում դեսպանը
հանդիպել է Նոյեմբերյանի տարածաշրջանի հունական ծագումով բնակիչներին:
Ինչպես հայտնեց Նոյեմբերյանի հունական համայնքի ղեկավար Թամարա Թամազյանը,
քննարկվել են համայնքի անդամներին հուզող հարցեր: Հունաստանի դեսպանը՝ ի
պատասխան իրեն ուղղված հարցի, պարզաբանել է, որ հունական ծագումով
թոշակառու նոյեմբերյանցիները չեն կարող Հունաստանից ֆինանսական
աջակցություն ակնկալել, իսկ հունական արմատներ ունեցող անձանց Հունաստանի
քաղաքացիություն շնորհվում է միայն Հունաստանում բնակվելուց հետո: Ամեն
տարի Նոյեմբերյանի տարածաշրջանից 2-3 հույն երեխա ամառային հանգիստն
անցկացնում է Հունաստանում: Այս տարի երեխաները Հելլադա չեն մեկնի,
սակայն, դեսպանի հավաստիացմամբ, պատմական հայրենիքում իրենց հանգիստը
կանցկացնեն ծագումով հույն՝ նոյեմբերյանցի մի խումբ թոշակառուներ:
Հունաստանի կառավարության աջակցությամբ անհապաղ բժշկական միջամտության
կարիք ունեցող նոյեմբերյանցի երեք հույներ, այդ թվում՝ բագրատաշենցի մի
երեխա, կվիրահատվեն:
Սովորաբար դեսպանի ամեն այցի ավարտին հունական ծագումով անդամ ունեցող
ընտանիքները որոշակի դրամական օգնություն են ստանում: Այս անգամ 14
ընտանիքի տրվել է 13-հազարական դրամ:
Նյութը ըստ Առավոտի 15/07/2009թ համարի ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
|