Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը շրջափակված է լեռներով, երեք
կողմից ադրբեջանական տարածքներ են: Ադրբեջանի հետ Կոթիի սահմանագիծը շատ
երկար է` 38 կմ: 1992-94 թթ. Օդունդաղի լանջերից, Փարաքլուի բլրից
հակառակորդը «Գրադով» եւ տանկերով մահաբեր կարկուտ էր տեղում խաղաղ
բնակիչների վրա: Չհայտարարված պատերազմի տարիներին Կոթիում 40 հոգի է
զոհվել` ազատամարտիկ եւ խաղաղ բնակիչ: Կոթեցիներից
յուրաքանչյուրը կռվի տարիներին հարազատ, ընկեր կամ դրկից է կորցրել:
Այստեղ ամեն բլուր, ամեն թուփ մի հերոսական, ողբերգական պատմության հետ է
կապված: Գյուղի յուրաքանչյուր միջոցառման, հավաքույթի ժամանակ անպայման
հնչում է կոթեցի ինքնուս երգահան Լյուդվիգ Բաբլումյանի հուզիչ
«Հուշարձանները» երգը, եւ կոթեցիների սրտերը համակվում են անհուն թախիծով`
շաղախված զոհված ջահել-ջիվան տղաների պայծառ հիշատակով:
Հրադադարի հաստատումից 15 տարի է անցել, սակայն կյանքը սահմանագոտում
դեռեւս արտակարգ իրավիճակ է հիշեցնում: Կոթի գյուղը զրկված է ոռոգման
ջրից: Ոսկեպարի սարերից ձգվող, «ԻՖԱԴ» կազմակերպության ֆինանսավորմամբ
կառուցվող ինքնահոս ջրագիծը պետք է շահագործման հանձնվեր դեռեւս 2007
թ.-ին, սակայն շինարարության վերջն այդպես էլ չի երեւում: Ջրատարի
միջնամասում շինարարությունը ձախողվել է, այն ձախողած կազմակերպության
փոխարեն մրցույթով նոր ընկերություն կընտրվի: Ակնհայտ է մի բան` ընթացիկ
տարում էլ այս ջրագիծը չի գործարկվի: Արդեն 20 տարի, հայ-ադրբեջանական
հակամարտության սկզբից ի վեր, Ջողազի ջրամբարի անգործության մատնվելուց
հետո Կոթիի 4033 հա հողերից ոչ մի մետր չի ոռոգվում: Գյուղացու աչքը ջուր
է կտրել ոռոգման ջրին սպասելիս: Մինչդեռ այդ ջրատարով Կոթիում պետք է
ոռոգելի դառնա 550 հա հողատարածք, ինչի արդյունքում որոշակիորեն կավելանան
համայնքի սեփական եկամուտները:
Փաստացի 2255 բնակիչ ունեցող գյուղը զրկված է նաեւ բնական գազից: Կոթիի
համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնում է, որ նախնական ծրագրի համաձայն`
գյուղի գազիֆիկացման խնդիրը կլուծվի մինչեւ 2012 թ.: Դեռ հարց է`
կլուծվի՞: Գյուղը նաեւ խմելու ջուր չունի: Սահմանամերձ շենի բնակիչների
միայն 20 %-ն է օգտվում իր բակում գործող ջրի ծորակից: Կոթեցիների մեկ
երրորդն ընդհանրապես այս հնարավորությունից զրկված է, մյուսներն էլ ջուր
են ստանում շաբաթը մեկ անգամ: Սովորական տեսարան է. մարդիկ այստեղ տեղական
աղբյուրներից մեքենաներով եւ էշերով ջուր են կրում:
Գյուղի հողերից 1080 հա-ը սահմանամերձ է, դրանից 890 հա-ը ազատված է
հողի հարկից, 560 հա վարելահող ականապատված լինելու եւ վտանգավոր գոտում
գտնվելու պատճառով չի մշակվում: Մինչդեռ սահմանին գտնվող հողերն
ամենաբերրին են: Այս տարի գյուղում 500 հա աշնանացան է կատարվել, 25 հա
ծխախոտ է մշակվում, նաեւ քիչ քանակությամբ հաճար է ցանվել, տնամերձ
հողամասերում էլ` կարտոֆիլ: Խորհրդային տարիներին խաղողի եւ պտղատու
այգիների բերքով հպարտացող Կոթին հիմա, ոռոգման ջրի բացակայության
պատճառով, այգիներ չունի:
Անասնապահությամբ զբաղվելու հնարավորություններն էլ սակավ են,
որովհետեւ գյուղն ընդամենը 17 հա խոտհարք ունի, խիստ դժվար է ձմռանը
անասնակեր կուտակելը: Կոթիում ընդամենը 1051 խոշոր եղջերավոր անասուն կա,
որից 553-ը` կովեր: Որպես այս ամենի հետեւանք, սակավ է գյուղի բյուջեն` 29
մլն 740 հազար դրամ: Դրանից 21 մլն 776 հազարը պետական լրավճար է:
Համայնքի սեփական եկամուտները կազմում են 5 մլն 329 հազար դրամ: Բյուջեի
հիմնական մասն էլ ծախսվում է համայնքապետարանի ու նրա ենթակայության
հիմնարկությունների` մշակույթի տան եւ 40 սան ունեցող մանկապարտեզի 24
աշխատողներին վճարելու համար:
Այսպիսի սուղ բյուջեով դժվար է որեւէ նշանակալից խնդիր լուծել
գյուղում: Այնուամենայնիվ, համայնքապետարանը սեփական միջոցներով որոշ, ոչ
մեծ ծրագրեր է կյանքի կոչել` կենտրոնական փողոցում գիշերային
լուսավորություն է անցկացրել, կառուցապատել է Կոթիի կենտրոնական
հրապարակը, բարեկարգել, կանաչապատել է համայնքապետարանի եւ մանկապարտեզի
շրջակայքը: Գյուղում ներկայումս մեկ ծրագիր է իրականացվում: 2005 թվականից
պետբյուջեի միջոցներով սկսվել է միջնակարգ դպրոցի շինարարությունը: Այս
տարի կավարտվի կրթօջախի եռահարկ մասնաշենքի եւ կից շինությունների
հիմնանորոգումը: Ցավոք, խորհրդային տարիների համեմատ բավականին նվազել է
աշակերտների թիվը. շատերն արտերկիր կամ Հայաստանի այլ վայրեր են
արտագաղթել: Այս տարվա շրջանավարտները` թվով 34 հոգի, ծնվել են
պատերազմական ծանր` 1992 թ.-ին, եւ նրանց թիվը 10-ով ավելի է եկող տարի
առաջին անգամ դպրոց ոտք դնողներից:
Կոթին սոսկ ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր չէ, այլ`
յուրատեսակ ամրոց: Գյուղի բազմաթիվ երիտասարդներ համալրել են
պայմանագրային զինծառայողների թիվը: Այս կերպ գյուղում սոցիալական
լարվածությունն ինչ-որ չափով մեղմվում է: Պաշտպանության նախարարությունն
էլ ներկայումս իր միջոցներով կոթեցի բազմազավակ, անօթեւան երկու
ազատամարտիկների համար տուն է կառուցում: Սակայն եթե առաջիկա մի քանի
տարիներին գյուղի ոռոգման եւ խմելու ջրի, գազիֆիկացման խնդիրները
չլուծվեն, արտագաղթը կշարունակվի: Այդ դեպքում տեղացի պայմանագրային
զինծառայողների քանակն էլ կնվազի:
Գյուղում սոցիալական, կենցաղային խնդիրներից զատ ուրիշ հիմնահարց էլ
կա: Այստեղ` սահմանագոտում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության
հաղորդումներն աղճատված են նայում: Ճիշտ է` կոթեցիները գյուղում,
Հայաստանի հեռուստատեսային ցանցերի միջոցով նաեւ նույն
հեռուստաընկերության արբանյակային ծրագիրն ու ռուսական «Առաջին ալիքն» ու
«ՌՏՌ-պլանետան» են դիտում: Ռադիոընկերություններից էլ միայն Հայաստանի
Հանրային ռադիոյի հաղորդումներն են հասանելի: Փոխարենը` եթերում բազմաթիվ
են ադրբեջանական հեռուստա եւ ռադիոընկերությունների ծրագրերը:
Կոթիի համայնքապետարանի առջեւ նշանավոր համագյուղացու` մարշալ
Բաղրամյանի կիսանդրին է: Ըստ մարշալի կենսագիր Արամայիս Մնացականյանի`
Հովհաննես Բաղրամյանի պապը` Կարապետը, Կոթիից է գաղթել Չարդախլու: Ի դեպ,
1975 թ. այցելելով Կոթի` մարշալն ընդունել է այս փաստը: «Կոթեցի են» նաեւ
պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ հանրապետության նախագահ Սերժ
Սարգսյանը: Սահմանամերձ համայնքի ավագանու որոշմամբ, Կոթի այցելության
ժամանակ` 2007 թ. օգոստոսի 5-ին, նրանց համայնքի պատվավոր բնակչի կոչում
շնորհվեց: Սեյրան Օհանյանն այն ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի
պետն էր, Սերժ Սարգսյանը` հանրապետության վարչապետը: Սերժ Սարգսյանը
մատաղի արարողության ժամանակ ստանալով «պատվավոր կոթեցու» կոչում`
կատակեց, թե համայնքապետը ժլատություն է արել եւ այդ կոչումից զատ 500
մետր հող չի տվել իրեն: Ապա լրջորեն ասաց, որ կառավարությունը
կրկնապատկելու է Կոթիի նկատմամբ ուշադրությունը, որպեսզի սահմանամերձ
տարածքի մարդիկ կարողանան խաղաղ ապրել եւ արարել այս տարածքում:
Անցած 2 տարում ի՞նչ է փոխվել սահմանամերձ շենի հիմնահարցերի հանդեպ կառավարության վերաբերմունքում…
Ոսկան Սարգսյան
Նյութը ըստ Հետք Online վեբ կայքի
|