Տնտեսական ճգնաժամը ստիպում է գյուղատնտեսության (մասնավորապես՝
անասնապահության) զարգացման նոր ուղիներ փնտրել: Այս փնտրտուքի
արդյունքում Տավուշի մարզում սկսել են ջայլամ ու աքսելերատ ճագար աճեցնել:
Ծրագրերն իրականացվում են «Գյուղատնտեսական բարեփոխումների ծրագրի
իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի «Գյուղական ձեռնարկությունների եւ
փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» շրջանակներում
տրամադրված դրամաշնորհներով: Դեբեդի հովտում գտնվող Հաղթանակ գյուղում
սկսվել է աֆրիկյան սեւ ջայլամների, իսկ Ադրբեջանին սահմանամերձ
Բաղանիսում՝ աքսելերատ (գերարագ զարգացող) ճագարների բուծումը: Նպատակն է
նվազեցնել աղքատությունը, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաները տարածել ոչ
միայն Տավուշում, այլեւ՝ մյուս մարզերում: Արտերկրից ներկրվել է աքսելերատ
տեխնոլոգիայով պահվող «վելիկան» ցեղախմբի 30 ճագար, Բաղանիսում ստեղծվել է
տոհմային ճագարաբուծական տնտեսություն՝ կառուցվել է 20 մինի ֆերմա:
Աքսելերատը ճագարի տեսակ չէ: Սովորական ճագարներն էլ կարող են
աքսելերացվել համապատասխան տեխնոլոգիայով 4-5 տարի պահելուց հետո: Այդ
պատճառով 4-5 տարի ծախսեր կատարելու եւ Հայաստանում առկա թեկուզեւ
լավագույն տեսակի ճագարներն աքսելերացնելու փոխարեն նպատակահարմար է
համարվել արտերկրից ներկրել եւ տեղում կազմակերպել աքսելերացված ճագարների
վերարտադրություն: Այս կերպ մեր հանրապետությունում կարմատավորվի
ճագարաբուծության «Միակրո» տեխնոլոգիան: Մինի ֆերմայում կերամանները եւ
դարակները նախագծված են այնպես, որ խնամվող ճագարներին կերի եւ ջրի պաշարը
բավարարում է մեկ շաբաթ: Պահվող ճագարի կղանքը եւ մեզը ինքնաբերաբար
կուտակվում են հատուկ տարաներում, որը մաքրվում է շաբաթը մեկ անգամ, ինչն
էլ կենդանիներին զերծ է պահում մարդու անհարկի այցերից եւ այդկերպ դրսից
եկող հիվանդություններից: Բաղանիսում տեղադրված յուրաքանչյուր մինի ֆերման
նախատեսված է 2 մայր ճագարի համար: Աքսելերատ ճագարը սեռական հասունացման
է հասնում ոչ թե 9, այլ 3,5-4 ամսական հասակում: Մինի ֆերմայում ծնված
ճագարը սպանդային քաշի (4-6կգ) է հասնում 4-4,5 ամսում: Ճագարաբուծության
այս ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվա դեկտեմբերին եւ կավարտվի այս
տարեվերջին: Պլանավորված է ծրագրի իրականացման ընթացքում ստանալ առնվազն
500 աքսելերատ ճագար:
Իսկ ջայլամաբուծությամբ Հաղթանակում զբաղվում է նախկին գյուղապետ
Սլավիկ Զուռնաչյանը: Հաղթանակ է ներկրվել 6 (4-ը՝ մարի, 2-ը՝ արու)
ջայլամ: Դրանք 3 տարեկանից բարձր են, այսինքն՝ գտնվում են ինկուբացիոն
շրջանում: Այստեղ՝ Դեբեդի հովտում արդեն առաջին ձվերն են ստացվել, որոնք
ուղարկվել են Երեւան՝ ինկուբացիայի: 42 օր անց դրանցից կստացվեն առաջին
ճտերը: Սլավիկ Զուռնաչյանը նախատեսում է առաջիկա օրերին Վրաստանից ներկրել
ինկուբատոր, որպեսզի հենց Հաղթանակում ինկուբացիան իրականացվի:
Սլավիկ Զուռնաչյանը հաջողություն եւ շահույթներ է ակնկալում, այլապես,
բացի դրամաշնորհային գումարից, սեփական միջոցները չէր ներդնի այս գործում,
այդ նպատակով $5 հազար վարկ չէր վերցնի: Նրա ունեցած տեղեկություններով,
ջայլամից ստացված արտադրանքը (միս, ձու, կաշի, փետուր) մեծ պահանջարկ է
վայելում միջազգային շուկայում: 2 տարեկան մայր ջայլամից տարեկան ստացվում
է մինչեւ 30, իսկ 3 եւ ավելի տարեկան մայր ջայլամից մինչեւ 70 ձու
(ջայլամն ապրում է 70 տարի, ձվատվության տեւողությունը՝ 35-40 տարի): Մեկ
տարվա ընթացքում մեկ ջայլամից ստացվում է 1,2 կգ փետուր, որի արժեքը
շուկայում 50-60 դոլար է: Միջազգային շուկայում ջայլամի ձվի գինը 40-50
դոլար է: Աֆրիկյան սեւ ջայլամի համար հատուկ կեր չի պահանջվում (ջայլամը
սնվում է խոտաբույսերով, ծառերի ու թփերի տերեւներով, ուտում է նաեւ
միջատներ եւ ողնաշավոր մանր կենդանիներ):
Կարեւոր մի հանգամանք եւս. աֆրիկյան սեւ ջայլամը գյուղատնտեսական
կենդանիներին հատուկ վարակիչ հիվանդություններով չի հիվանդանում: Որպես
գյուղատնտեսական շահավետ բիզնես՝ ջայլամաբուծությունը զարգացում է ապրում
ինչպես եվրոպական, այնպես էլ նախկին խորհրդային մի շարք երկրներում
(Ռուսաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Միջին Ասիայի հանրապետություններ):
Ջայլամաբուծությունը ավելի արագ տեմպերով է զարգանում հատկապես
Չինաստանում: Միջազգային փորձագետների գնահատմամբ, այժմ տարբեր երկրներում
տնային պայմաններում պահվում է 3,5-4 միլիոն ջայլամ, որի շուրջ 40 տոկոսը
բաժին է ընկնում Չինաստանին: Աֆրիկյան սեւ ջայլամի զարգացման համար
Հայաստանն ունի ավելի նպաստավոր բնակլիմայական պայմաններ, քան վերոհիշյալ
երկրներից շատերը:
Ինչ խոսք, նոր գործը որոշակի ռիսկեր է պարունակում: Սակայն Տավուշում
ավանդական ճյուղ համարվող անտառային խոզաբուծությունն աֆրիկյան ժանտախտի
համաճարակից հետո մեծ կորուստներ է ունեցել: Տավարաբուծությունն էլ վերջին
շրջանում անկում է ապրել, վերջին մեկ տարում մարզում խոշոր եղջերավոր
անասունների գլխաքանակը նվազել է 4433-ով: Ուստի այս պայմաններում
անասնապահության նոր տեխնոլոգիաների կարիքն առավել քան զգացվում է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ Նյութը ըստ Առավոտի 2009-06-02 համարի
|