Երեքշաբթի, 23.04.2024, 23:08
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հոկտեմբեր 2009  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
 
Главная » 2009 » Հոկտեմբեր » 30 » Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը
09:28
Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը

Զբոսայգին, «Պոնչիկանոցը» եւ «հանպատրաստի» դիսկոտեկը Նոյեմբերյանի երիտասարդության ժամանցի հիմնական վայրերն են:

Բարենպաստ եղանակին Նոյեմբերյանի միակ քաղաքային այգին լի է մարդկանցով, հատկապես՝ երիտասարդությամբ: Ժամանցի վայրի ընտրությունը մեծ չէ, եւ շատերն են գալիս այստեղ: Նրանց մի մասը շտապում է դիմացի մայթին գտնվող «Պոնչիկանոց»: Սա, ի դեպ, միակ վայրն է, որտեղ ազատ կարող են գնալ բոլորը՝ առանց տարիքային, սեռային կամ որեւէ այլ խտրականության: Մյուս սրճարաններում «հայրիշխանություն» է, այցելուները հիմնականում տղաներն են ու նստած ուշի-ուշով հետեւում են քաղաքի անցուդարձին:

Զբոսայգուց բացի, կարելի է գնալ նաեւ ինտերնետ ակումբ կամ քաղաքային գրադարան: «Համեմատած նախորդ տարիների հետ՝ երիտասարդ ընթերցողների շրջանում փոփոխություններ եմ նկատում: Մեծացել է նրանց հետաքրքրությունների շրջանակը: Զգում ես, որ ուզում են ավելի շատ բան իմանալ, սովորել»,- ասում է Նոյեմբերյանի քաղաքային գրադարանի գրադարանավարուհի Սոնա Բադալյանը:

Որոշ երիտասարդներ նաեւ աշխատում են: Սակայն ինչպես հանգստի ու ազատ ժամանցի վայրի՝ աշխատատեղի ընտրությունն էլ սահմանափակ է. խանութներ, պետական մի քանի հաստատություններ: Արմինե Զալինյանը աշխատում է խանութում եւ խոստովանում է. «Նոյեմբերյանում լիցքաթափվելու, հանգստանալու շատ տեղեր չկան, բայց հարմարվում ենք: Մեր ապրելու տեղն էլ սա է: Չի լինի, որ բոլորս էլ ասենք՝ ուզում եմ Երեւան, այնտեղ լավ է ու թողենք-գնանք: Քանի որ մենք այստեղ ենք ապրում, մենք էլ պետք է ստեղծենք մեր միջավայրը, մեր հետաքրքրությունների շրջանակն այստեղ զարգացնենք»:

Երիտասարդների մի մասն էլ զբաղվում է անասնապահությամբ կամ հող մշակում: Քաղաքի կարգավիճակ ունեցող Նոյեմբերյանը շարունակում է պահպանել գյուղական ավանդույթները: «Ծնողներս գործ չունեն, ես էլ նրանց օգնում եմ: Հնարավորություն չի եղել ուսում ստանալու, մի ուրիշ տեղ աշխատելու, ես էլ էս եմ անում: Կով եմ պահում, խոտ եմ հնձում: Ապրում ենք, էլի»,- ասում է 30-ամյա Սասուն Մամյանը:

Սեպտեմբերից Նոյեմբերյանի քաղաքային այգին դատարկվում է: Երիտասարդների զգալի մասը՝ ուսանողները տեղափոխվում են Երեւան, Իջեւան, Վանաձոր: Իսկ «Պոնչիկանոցի» արդեն սակավ դարձած հաճախորդները դպրոցականներն են, մայրերն իրենց զավակների հետ, ինչպես նաեւ՝ տեղի քոլեջի ուսանողությունը:

Նոյեմբերյանի քոլեջ են հաճախում ոչ միայն քաղաքի, այլեւ շրջակա գյուղերի երիտասարդները: Քոլեջը ոչ միայն կրթական հաստատություն է, այլեւ յուրահատուկ շփման վայր է երիտասարդների համար: Պատահական չէ, որ քոլեջն անվանում են ուսումնարան-ամուսնարան: Բազմաթիվ զույգեր հենց այստեղ են ձեւավորվել: Նոյեմբերյանի շրջանում 2007 թվականին գրանցվել է 170, 2008-ին՝ 160, իսկ 2009-ի օգոստոսի դրությամբ՝ 100 ամուսնություն: Քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի՝ ԶԱԳՍ-ի աշխատակցուհի Ալվարդ Ասատրյանը հավաստիացնում է, որ Նոյեմբերյանում ամուսնալուծությունները շատ քիչ են:

Նոյեմբերյանում երիտասարդ զույգերի համար ազատ ժամանցի կազմակերպումը լուրջ խնդիր է: Օրինակ՝ Կարինեն եւ Արկադին նոր են նշանվել, սակայն դրսում հաճախ չէ, որ հանդիպում են: «Դե, գործի տեղը կամ տանն ենք հանդիպում: Ուրիշ որտե՞ղ»,- ասում է Կարինեն:

Խորհրդային տարիներից Նոյեմբերյանին ժառանգություն մնացած կինոթատրոնի շենքը վաղուց մասնավոր սեփականություն է, եւ այստեղ ֆիլմեր չեն ցուցադրում: Իսկ թատրոնի շենք երբեւէ չի էլ եղել: Միայն տեղի մշակույթի տունն է ժամանակ առ ժամանակ ներկայացումներ բեմադրում: Փոխարենը հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաներն են հասել Նոյեմբերյան. այստեղ գրեթե բոլորը հեռախոսներով օգտվում են համացանցից, գրանցվում «odnoklassniki.ru» կայքում եւ օնլայն քննարկում հենց նոր հեռուստացույցով դիտած ֆիլմը:

Նոյեմբերյանում չկա դիսկոտեկ: Հոգ չէ: Նոյեմբերյանի երիտասարդներն իրենք իրենց համար դիսկոտեկ են կազմակերպում. մի քանի ժամով վարձելով բարերից մեկը: Նոյեմբերյանցիները կարողանում են ուրախ ժամանց կազմակերպել: Իսկ լավ եղանակներին բարերից նախընտրելի են քաղաքամերձ անտառները, բնությունը, տեղի սառնորակ աղբյուրները, թարմ օդը՝ ուր մեկտեղվում են դիսկոտեկի պարը, հայկական խոհանոցի ուտեստները:

ՄԵՐԻ ՄԱՄՅԱՆ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

Նյութը ըստ Առավոտի 29/10/2009թ-ի համարի:

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1534 | Добавил: RECKON | Рейтинг: 0.0/0
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ