հինգշաբթի, 19.10.2017, 09:30
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
  • Герпис (0)
  • FC Ganzdasar (0)
  • какие есть учреждения в городе? (1)
  • ՕՐԱՑՈՒՅՑ
    «  փետրվար 2011  »
    ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28
     
    Главная » 2011 » փետրվար » 28 » Էդվարդ Նալբանդյան. «Ժամանակը որեւէ մեկի օգտին չէ»
    19:59
    Էդվարդ Նալբանդյան. «Ժամանակը որեւէ մեկի օգտին չէ»
    «Նրանք, ովքեր կարծում են, թե ուժի գործադրմամբ կամ ռազմական գործողություններով կարելի է հակամարտություններ լուծել, պատրանքի մեջ են», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցած շաբաթ ռուսաստանյան Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

    «Որովհետեւ ցանկացած պատերազմից հետո անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, բայց` արդեն ավելի վատ պայմաններով», - պարզաբանել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

    Նալբանդյանի կարծիքով` «ժամանակը որեւէ մեկի օգտին չէ». - «Որքան շուտ մենք լուծենք այս հակամարտությունը, այնքան դա կհամապատասխանի հակամարտության կողմերի շահերին»:

    Հիշեցնելով, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հրադադարի պայմանագիրը ստորագրվել է 1994 թվականին, լրագրողը հավելել է, որ «այդ ժամանակից ի վեր կողմերի դիրքորոշումները, դիվանագիտական լեզվով ասած, չեն մերձեցել», ինչին Հայաստանի արտգործնախարարը արձագանքել է. - «Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին եւ այն կարծիքին, որ դիրքորոշումները չեն մոտեցել, ես դրան չէի համաձայնի»:

    «Յուրաքանչյուր հակամարտության դեպքում հանրային կարծիքը պետք է նախօրոք նախապատրաստել, այլ ոչ` կարգավորումից հետո մտածել հանրային կարծիքի մասին: Հանրային կարծիքը պետք է ոչ թե թեժացնել` կրակի վրա յուղ լցնելով, ինչպես այսօր Ադրբեջանում է արվում, այլ պետք է նախապատրաստել կարգավորմանը, փոխզիջումների», - ընդգծել է Նալբանդյանը:

    Նա կարեւորել է, որ 1994 թվականին ձեռք բերված հրադադարը «գործնականում պահպանվում է մինչ օրս»: «Առանձին միջադեպեր իսկապես տեղի են ունենում: Դրանցից խուսափելու համար միջազգային հանրության, ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկներ են եղել, որոնց աջակցել է Հայաստանը. հրադադարի ամրապնդման միջոցառումների իրականացում, շփման գծից դիպուկահարների դուրսբերում, ուժի չկիրառման համաձայնության ձեռք բերում: Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել միջազգային հանրության այդ առաջարկները», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

    Հարցին` «այսօր Հայաստանը ինչպիսի՞ն է ուզում տեսնել Լեռնային Ղարաբաղը, որպես իր տարածիք մա՞ս, թե՞ ինքնուրույն պետություն` բարեկամ, բայց բոլոր դեպքերում` ինքնիշխան», - Էդվարդ Նալբանդյանը արձագանքել է. - «Հենց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի` ում հետ ապրի, այսինքն` տնօրինի իր ճակատագիրը: Լեռնային Ղարաբաղի բնակչության այդ ազատ կամարտահայտությունն էլ պետք է իրավաբանական ուժ ունենա»:

    Թուրքիայի դիրքորոշմանը վերաբերող հարցին Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է. - «Թուրքիայի դիրքորոշումը ոչ թե կառուցողական չէ, այլ ապակառուցողական է` թե' այս [Ղարաբաղյան] հակամարտության տեսանկյունից, թե' հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից»:

    «Դուք գիտեք, որ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ էր սկսվել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այո, մենք սկսեցինք գործընթացը, բանակցություններ վարեցինք եւ եկանք արձանագրությունների ստորագրմանը` հենց սկզբից թուրքական կողմի հետ պայմանավորվելով, որ մենք այդ քայլին գնում ենք առանց նախապայմանների: Սակայն Թուրքիան, ցավոք սրտի, վերադարձավ նախապայմանների լեզվին, որն օգտագործում էր գործընթացի մեկնարկից առաջ` դրանով իսկ որդեգրելով ապակառուցողական դիրքորոշում թե' հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ թե' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով, քանի որ միջազգային հանրությունն ասում է, որ այդ երկու գործընթացները փոխկապակցելով վնաս է հասցվում նաեւ Ղարաբաղյան կարգավորմանը», - մանրամասնել է Նալբանդյանը Russia Today-ին տված հարցազրույցում, որի սղագրությունը տրամադրել են Հայաստանի արտգործնախարարությունից:

    «Վերջերս ինձ հարցրեցին. Սուդանում հանրաքվե է անցկացվել եւ փաստացի նոր պետություն է ի հայտ գալիս, կարո՞ղ է դա Լեռնային Ղարաբաղի [հիմնախնդրի] լուծման համար նախադեպ լինել: Իհարկե, կարող է նախադեպ լինել, բայց այդպիսի նախադեպերը շատ-շատ են, դրանց պակաս չկա, պարզապես դա վերջին օրինակն է: ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծ մասը` դրանց կազմավորումը նույնպես կարող է օրինակ ծառայել: Որովհետեւ գործնականում դրանք բոլորն էլ անկախ պետություն են դարձել ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով: Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ճակատագիրը տնօրինելու` աշխարհի ցանկացած այլ ժողովրդից ոչ պակաս իրավունք ունի», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
    Категория: Լուրեր | Просмотров: 994 | Добавил: ANDREY | Рейтинг: 0.0/0
    Copyright MyCorp © 2017
    ՓՆՏՐԵԼ
    ՄՈՒՏՔ
    ՖՈՏՈԱԼԲՈՄ
    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ